ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պուտինի հայտարարած հարկադիր արձակուրդը թանկ կնստի տնտեսության վրա

Պուտինի հայտարարած հարկադիր արձակուրդը թանկ կնստի տնտեսության վրա
04.04.2020 | 11:35

Կրեմլն ամբողջ ուժով փորձում է զսպել կորոնավիրուսի համաճարակը: Բայց Վլադիմիր Պուտինի հայտարարած հարկադիր արձակուրդը թանկ կնստի տնտեսության վրա՝ գրել է Անդրե Բալենը Handelsblatt-ում: ՌԴ նախագահն ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարել՝ քաղաքացիներին վստահեցնելով, որ աշխատավարձը կպահպանվի: Հինգշաբթի Ռուսաստանում արձանագրվեց 771 նոր վարակված: Մեկ օրվա մեջ դա ամենամեծ թիվն է: Վարակվածների թիվը հասավ 3548-ի, մեծ մասը Մոսկվայում են, սակայն վարակակիրներ կան արդեն 70 ռեգիոններում: Ռուսաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է իրավիճակին, սակայն մեծ կասկածներ է հարուցում, որ ռեգիոնների բուժհաստատությունները կդիմանան մեծ հոսքին: Այդ պատճառով կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, որ առավելագույնս զսպեն Covid-19-ի տարածումը սկզբնական փուլում: Իշխանություններն օգտագործում են տեխնիկական բոլոր միջոցները՝ տնային կարանտինի պահպանումը որոշ ռեգիոններում արդեն վերահսկվում է բջջային հեռախոսների տվյալներով:


Պուտինի խոսքով՝ մեկուսացման միջոցառումներն արդեն առաջին արդյունքները տվել են, բայց տնտեսությանը այս միջոցները թանկ են նստելու՝ չաշխատելու ամեն շաբաթը ՀՆԱ-ի 1%-ն է՝ գտնում է Օլեգ Շիբանովը՝ Սկոլկովոյի թվային էկոնոմիկայի ու ֆինանսական տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոնի տնօրենը: 4 շաբաթում ՀՆԱ-ն կկրճատվի 4%-ով: Ռուսաստանի տնտեսությունն առանց այդ էլ տուժում է նավթի գնանկումից: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը վերջերս կանխատեսեց 2020-ին ՀՆԱ-ի անկումը 8%, այն ժամանակ նա դեռ չէր կարող հաշվարկել ապրիլյան արձակուրդը: «Մանրածախ առևտուրը այդքան երկար չի դիմանա»՝ գտնում է Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտօ ավագ գիտաշխատող Սերգեյ Ժավորոնկովը: Նրա խոսքով՝ կառավարության քայլերը խիստ սահմանափակում են սպառումը: Ձեռներեցների շրջանում կա դիմադրություն: Մոսկվայում դիզայնի ստուդիայի ղեկավար Արտյոմ Լեբեդևը անցյալ շաբաթ արդեն զայրացած էր ռուսաստանցիների մեկշաբաթյա արձակուրդից: «Շատ կարևոր է, որ մարդկանց աշխատավարձը կպահպանվի: Իսկ որտեղի՞ց են գումար վերցնելու: Գուցե պետությունը փոխհատուցի՞ մասնավոր ընկերությունների փողերը»՝ հարցնում է նա և հավելում, որ շատ մարդիկ կան, որ պատրաստ են առատաձեռն լինել պետության հաշվին: Քանի որ նա նավթային մուլտիմիլիոնատեր չէ, խնդրել է իր աշխատակիցներին աշխատել: Արտյոմ Լեբեդևը միակը չէ: Մոսկվացիների 60% -ն աշխատում է, թեպետ շատերը պաշտոնապես գրանցված աշխատանք չունեն: Պուտինի խոստացած աշխատավարձը իրականում ամբողջական չէ՝ աշխատողների մեծ մասի աշխատավարձը ձևավորվում է համեմատաբար ցածր ռոճիկից ու պարգևավճարից, որ նրանք ստանում են, եթե գնում են աշխատանքի: Հիվանդության կամ կարանտինի ժամանակ պարգևավճար չեն ստանում: Իրավիճակը կարող է ավելի վատանալ: ՌԴ Առևտրատնտեսական պալատի տվյալներով՝ 3 միլիոն ձեռներեցներ կարող են սնանկանալ, հատկապես զբոսաշրջության ու հասարակական սննդի ոլորտում: «90% փոքր ու միջին ձեռներեցներ, ինչպես ես, չեն կարող համաճարակից ուշքի գալ»՝ տրտնջացել է նախկինում հաջողակ ձեռներեց Անաստասիա Տատուլովան՝ մանկական «ԱնդերՍեն» սրճարանների ցանցի տնօրենը: ՌԴ կառավարության օգնության ծրագիրը բավականին ժլատ է՝ 1,2 տրիլիոն ռուբլի (14 միլիարդ եվրո), դա շատ ավելի քիչ է, քան տնտեսության աջակցությանը հատկացրել են Գերմանիան, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը՝ ոչ միայն բացարձակ գումարով: Տոկոսային առումով՝ Կրեմլը այդ նպատակին հատկացրել է ՀՆԱ-ի 1%-ը, որ շատ ավելի խնայողական է, քան Արևմուտքում է: Փորձագետները պահանջում են օգտագործել Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները, որտեղ 100 միլիարդ եվրո կա: Այդ գումարը հենց ճգնաժամային ժամանակների համար է՝ փաստարկում են փորձագետները: Ժավորոնկովը քննադատում է, որ հանդիպակաց ֆինանսավորման նպատակով ՌԴ կառավարությունը մտադիր է հարկել 1 միլիոն ռուբլուց ավելի (12000 եվրո) բանկային ավանդները: Նրա խոսքով՝ Պուտինը միակ ղեկավարն է, որ ճգնաժամի ժամանակ հարկեր բարձրացնելու ձևը գտավ:
Անդրե Բալեն, Handelsblatt


Հ.Գ. ՌԴ նախագահը պարզապես կորցրեց պահը՝ նա զբաղված էր պետականաշինությամբ՝ նախապատրաստվում էր սահմանադրական հանրաքվեին, որ նշանակել էր ապրիլի 22-ին: Կարանտինը ուշ հայտարարվեց, սահմանները ուշ փակվեցին, Պուտինը հիմա էլ քաղաքականությամբ է զբաղված՝ օգնություն է ուղարկում Իտալիա, ճիշտ է՝ իտալացիները զարմացած են, թե ինչու ռազմական բժիշկներ, բացի այդ՝ դիմակներ ու բուժսարքավորումներ է վաճառում ԱՄՆ-ին: Բայց կա նաև մեկ այլ «բայց»՝ ԵՄ երկրները, օրինակ, հնարավորինս փորձում են միմյանց օգնել: Գերմանիան ընդունում է հիվանդներ Ֆրանսիայից ու Իտալիայից։ Չեխիան Իտալիա ու Իսպանիա է ուղարկում 10 հազարական պաշտպանիչ հագուստ։ ԵՄ կառույցները տնտեսության պաշտպանության համար գումարներ են հատկացնում, ԵԱՏՄ-ում նույնիսկ խոսակցություն չկա փոխօգնության մասին: Թեպետ ԵԱՏՄ-ն ինքն իրեն ներկայացնում է տնտեսական կառույց, որևէ տնտեսական միասնական քայլ կամ աջակցություն ԵԱՏՄ-ում նախագահող Բելառուսը չի առաջարկել: Կրեմլը՝ ևս: Գուցե փող կա, բայց ոչ ցանկություն կա: Ոչ էլ, երևի, իմաստ: Ինչպես իմաստ չկար ամբողջ ԵԱՏՄ-ի մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ